Նորություններ
20-05-2022
Սույն թվականի մայիսի 20-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական Միության Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Ծրագիրը մեկնարկել է 2020թ.-ի հունվարին և ավարտվում է 2022թ.-ի մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Ծրագրի հիմնական շահառու է հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Այս ծրագրի նպատակն է՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի և շահառու մարմինների կարողությունների հզորացում, համալրում և ընտրություն, քաղաքացիական ծառայողների մասնագիտական զարգացում, վերապատրաստման և կատարողականի գնահատման համակարգերի բարելավում, քաղաքացիական ծառայության համակարգի գրավչության խթանում, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական ցանցերի ստեղծում:
Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով են հանդես եկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինեն, Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ԵՄ ԱՊ Ծրագրի ղեկավար Հեիդի Լեմպինենը։
Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ Կառավարությունն ունի հանրային կառավարման բարեփոխումների հավակնոտ, բայց իրատեսական օրակարգ, և որ դրան ուղղված կարևոր քայլերից մեկը Կառավարության կողմից հավանության արժանացած Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության և ճանապարհային քարտեզի հաստատումն է, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովենք մեր երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումը։ Նա նաև հավելել է, որ Եվրոպական միության գործընկերների աջակցությամբ իրականացված ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է Կառավարության օրակարգին և ավելի է մոտեցնում նախանշված վերջնանպատակին։ Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության կողմից մշտապես կարևորվել են նման համագործակցությունները, որոնք էլ ավելի ամրապնդվեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որը մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը։ Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի արդյունավետ զարգացմանը։
Միջոցառման ընթացքում նաև ներկայացվել են Ծրագրի չորս բաղադրիչների շրջանակում իրականացված աշխատանքներն ու գրանցված առաջընթացը: