Նորություններ
06-12-2018
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից կազմակերպված և Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական ծառայություն. նոր համակարգ, նոր մոտեցումներ» երկօրյա սեմինարը:
Սեմինարի ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուները կներկայացնեն «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքով սահմանված օրենսդրական և մեթոդական փոփոխությունները, նոր մոտեցումները, ինչպես նաև՝ ինտերակտիվ քննարկումների և հարց ու պատասխանի միջոցով կփոխանցվեն օրենքի կիրառելիության պրակտիկ գիտելիքներ:
Նոյեմբերի 30-ին քաղաքացիական ծառայության ընդլայնված համակարգի թվով 60 գլխավոր քարտուղարների մասնակցությամբ տեղի ունեցած սեմինարով մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարիչների վերապատրաստումներին նվիրված միջոցառումների շարքը: Սեմինարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար՝ Արարատ Միրզոյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ բարձրաստիճան հյուրեր միջազգային կազմակերպություններից․ Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ պարոն Շոմբի Շարփը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն՝ տիկին Սիլվի Բոսուտրոն։ Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը ներկայացրել է քաղաքացիական ծառայության նոր մոտեցումները, նոր օրենսդրական դաշտի հիմնախնդիրներն ու սկզբունքները։
Պետական մարմինների անձնակազմի կառավարման պատասխանատուների համար նախատեսված սեմինարների երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 13-14-ին: Միջոցառումների արդյունքում կվերապատրաստվեն քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների անձնակազմի կառավարման շուրջ 120 պատասխանատուներ: