Նորություններ
02-04-2019
Ապրիլի 2-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ընդունել է ամերիկյան USAID և OTI (Office of Transition Initiatives) ծրագրերի պատվիրակություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու զարգացման հեռանկարները: USAID ծրագրի ներկայացուցիչ Ադամ Փ. Ստեֆանը և OTI ծրագրի ներկայացուցիչ Մայքլ Հեննինգը իրենց կազմակերպությունների անունից պատրաստակամություն են հայտնել օժանդակել քաղաքացիական ծառայության բարեփոխումների ծրագրին՝ միջազգային փորձագետներ ներգրավելով վերապատրաստման գործընթացում: Գարուշ Դավթյանը կարևորել է նման ձևաչափով համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը Հայաստանի Հանրապետության կառավարման ապարատի բարեփոխումների այս փուլում նմանատիպ միջազգային գործընկերների հետ տարբեր ձևաչափերով աջակցության և օժանդակության կարիք ունի: Հանդիպման ընթացքում նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական գիտելիքների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումների անցկացման, քաղաքացիական ծառայողների բարեվարքության նորմերի սահմանման և կիրառման, հասարակության շրջանում քաղաքացիական ծառայության համակարգի և առհասարակ քաղաքացիական ծառայության մասին տեղակատվության տարածման և տեղեկացվածության պակասը լրացնելուն վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ համագործակցության շարունակականությունն ապահովելու հարցեր: