Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Գայանե Բունիաթյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը ապրիլի 2-3 մասնակցել են Արևելյան գործընկերության Կառավարման 16-րդ աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ԱԳ հարթակ 1-ի՝ «Ինստիտուտների հզորացում և լավ կառավարում» ներքո Թբիլիսիում, Վրաստան։
Գայանե Բունիաթյանը ներկայացրել է քաղաքացիական ծառայության ոլորտում բարեփոխումների առկա իրավիճակը, ԵՄ և ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման գնահատման Հանրային ծառայություններ և մարդկային ռեսուրսներ բաժնի հիմնադրույթներն ու գնահատականները։ Ներկայացմանը հաջորդել է քննարկում և հարցուպատասխան, որի ընթացքում Արևելյան գործընկերության անդամ պետությունները, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել քաղաքացիական ծառայության նոր օրենսդրության ընձեռած հնարավորությունները՝ մասնավորապես քաղաքացիական ծառայության ապակենտրոնացումը, կատարողականի գնահատման հիման վրա կարիքների բացահայտումն ու համապատասխան վերապատրաստումների կազմակերպման հնարավորությունները։
Արևելյան գործընկերության ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տարում հզորացնել համագործակցությունը ՀՀ Վարչապետի աշխատակազմի և կառավարության հետ՝ նոր նախագծերի և միջոցառումների ձևով։