Նորություններ
15-05-2019
Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել «ԲՈՒՀ-Քաղաքացիական ծառայության համակարգ համագործակցության գործուն մեխանիզմների ձևավորում» թեմայով հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցել են Քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՀՀ տարածքում գործող մի շարք ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Ակնկալվող համագործակցության հիմնական նպատակն է ԲՈՒՀ-երի շրջանավարտների հետագա կարիերան դեպի քաղաքացիական ծառայության համակարգ ուղղորդելը, ինչպես նաև՝ ՔԾԳ-ԲՈՒՀ համագործակցության գործուն մեխանիզմների ապահովումը՝ ի շահ թե՛ պետական կառավարման համակարգի, թե՛ շրջանավարտների ապագա կարիերայի:
Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն իր ողջույնի խոսքում կարևորեց նմանատիպ հանդիպման անցկացումը, որը կխթանի Քաղաքացիական ծառայության համակարգ – ԲՈՒՀ կապի ամրապնդումը ու պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետների ներգրավումը: Գարուշ Դավթյանը, ի թիվս համակարգին առնչվող այլ թեմաների, ներկայացրեց նաև փորձնակի ինստիտուտի գաղափարը, ինչպես նաև՝ համալսարաններից քաղաքացիական ծառայության համակարգ որպես փորձնակ մուտք գործելու հնարավորությունները:
ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները անդրադարձան ուսանողների շրջանում քաղաքացիական ծառայության համակարգի վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակի խնդրին, որին ի պատասխան առաջարկ ներկայացվեց անհրաժեշտության դեպքում քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակիցների կողմից իրազեկող հանդիպում-սեմինարներ կազմակերպել ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում նախանշվեցին համագործակցության հետագա ձևաչափը և առաջիկա քայլերը: