Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպվեց «Կոմպետենցիաների շրջանակի կիրառումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում» թեմայով սեմինարը։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան իր ողջույնի խոսքում ընդգծեց քաղաքացիական ծառայության արդյունավետության կարևորությունը երկրի ընդհանուր բարեփոխումների իրականացման համար։ Նա նշեց, որ ՄԱԶԾ կշարունակի աջակցել ՔԾԳ-ին՝ իր ծրագրերի և նախաձեռնությունների մեջ։ Սեմինարին մասնակցեցին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների գլխավոր քարտուղարները: Սեմինարի ընթացքում միջազգային փորձագետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պաշտոնների համար անհրաժեշտ կոմպետենցիաների շրջանակը, վերջինիս բաղադրիչներն ու ներդրման հնարավորությունները։ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը հատկապես անցումային փուլում՝ շեշտելով, որ վերջիններս լավ հնարավորություն են քննարկելու կոմպետենցիաներին առնչվող արդի խնդիրները, անդրադառնալու միջազգային հաջողված փորձին, ներկայացնելու առաջարկներ՝ ակնկալվող գործողությունների վերաբերյալ: