Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուներն ընդունեցին ՄԱԿ-ի համապարփակ օժանդակության գնահատումն իրականացնող մասնագետներ՝ Տոմիսլավ Նովովիչին և Արմեն Մելքումյանին։ Այցի նպատակն էր ՄԱԿ-ի հետ 2016-2020 թվականների ընթացքում իրականացված համատեղ աշխատանքների, օժանդակության արդյունավետ պլանավորման և առաջնահերթությունների սահմանման, զարգացման օժանդակության արդյունավետության համապարփակ գնահատումը։ ՔԾԳ ղեկավար պարոն Գարուշ Դավթյանը ներկայացրեց ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը՝ բարձր գնահատելով կազմակերպության արագ արձագանքման, արդյունավետ աշխատելաոճի, թիրախավորված օժանդակության, ներքին և արտաքին համակարգման և կայուն գործընկերության արդյունավետությունը։ Գործընկերների խնդրանքով առանձնացվեցին նաև ապագա մարտահրավերներն ու զարգացման ենթակա ուղղությունները՝ քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացման մեջ։