Նորություններ
23-01-2020
Այսօր՝ հունվարի 23-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակում ԵՄ Թվինինգ «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության հետագա բարեփոխումներին» ծրագրի պլանավորման հանդիպմանն իր մասնակցությունը բերեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Ջոնաթան Լաքոտը։ Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար պարոն Գարուշ Դավթյանը ողջույնի խոսքով դիմեց պարոն դեսպանին՝ ընդգծելով և բարձր գնահատելով նրա սատարումը ֆրանսիական կողմից կոնսորցիումին մասնակցությանը և Թվինինգ ծրագրով մրցույթի մասնակցությանը։ Պարոն Դավթյանը ուրախությամբ նշեց, որ հայ-ֆրանսիական բազմամյա, բարեկամական հարաբերություների տարեգրության մեջ կավելանա գործակցության ևս մեկ ոլորտ՝ հանրային կառավարման և մասնավորապես քաղաքացիական ծառայության ոլորտը։ Պարոն Լաքոտը իր հերթին ողջունեց Թվինինգ ծրագրի թիմի անդամներին, ընդգծեց հանրային կառավարման մեջ քաղաքացիական ծառայության բարեփոխումների անկյունաքարային դերը՝ միաժամանակ վկայելով, որ Հայաստանի իրականության և իրադարձություններին քաջատեղյակ լինելով, կարող է փաստել, որ հանրային կառավարման արմատական բարեփոխումների հանձնառությունը գալիս է կենտրոնական կառավարությունից, որն էլ արտացոլվել էր կառավարության ձևավորումից հետո ներկայացված ծրագրի մեջ՝ 2019 թվականին։ Գործընկերների միջև տեղի ունեցավ ջերմ և բարեկամական մտքերի փոխանակում և հետագա անելիքների շուրջ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։