Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

  >  Հաճախ Տրվող Հարցեր

  Հաճախ Տրվող Հարցեր

Ո՞ր իրավական ակտերով են կարգավորվում քաղաքացիական ծառայության համակարգի հարաբերությունները:

Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, Կառավարության, վարչապետի և քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

Քաղաքացիական ծառայության պաշտոնները, ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից, դասակարգվում են հետևյալ խմբերի` քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ և քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոններ: Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի:

Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները տեղադրվում են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային էջում ՝ www.azdarar.am, վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայք-էջում` cso.gov.am, ինչպես նաև՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հանրապետության նախագահի աշխատակազմում, դատախազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմիններում, ինքնավար մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև՝ Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև՝ պետական ծառայության այլ օրենքներով առանձնահատկություններ նախատեսող ծառայություններում (մարմիններում) աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող ծառայողները քաղաքացիական ծառայողներ են:

Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը աշխատատեղի նկարագիրն է, որը սահմանվում է՝ ելնելով համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերով նրա առջև դրված խնդիրներով պայմանավորված կառավարչական տվյալ մակարդակին ներկայացվող մասնագիտական պահանջներից:

Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, իսկ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ համապատասխան մասնագիտական կրթություն բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար, որոնց համար առնվազն միջնակարգ կրթություն է պահանջվում: Առանձին դեպքերում մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համարպ աշտոնի անձնագրով կարող է սահմանվել բարձրագույն (մասնագիտական) կրթություն ունենալու պահանջ:

Վարկանիշային ցուցակը թեստավորման արդյունքում 40 և ավելի միավոր հավաքած թեկնածուների ցուցակն է,որտեղ ընդգրկված թեկնածուներից համապատասխան մարմինը ընտրում է քաղաքացիական ծառայության 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար հարցազրույցին մասնակցելու թեկնածու:

Հանձնելով ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից մշակված և էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում անցկացվող թեստը և հավաքելով 40 և ավել միավոր՝ քաղաքացին ընդգրկվում է քաղաքացիական ծառայության վարկանիշային ցուցակում: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկված լինել վարկանիշային ցուցակում առավելագույնը 2 տարի:

Վարկանիշային ցուցակները կազմելու համար թեստավորումը անցկացվում է առնվազն տարին երկու անգամ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

Մինչև արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ կարող է անցկացվել ներքին մրցույթ, և եթե ներքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը, կամ ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը, կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը և պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա անցկացվում է արտաքին մրցույթ:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Փորձնակը օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գրանցված անձն է: Փորձնակների ցանկում դիմումի համաձայն կարող են ընդգրկվել վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար թեստավորման արդյունքում առնվազն 30 միավոր հավաքած քաղաքացիները:Համապատասխան մարմինը, ուսումնասիրելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրված փորձնակների ցանկը, ընտրում է համապատասխան մարմնի փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող անձին:

Ծառայողական քննություն նշանակվում է ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և (կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու և (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու և (կամ) քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու դեպքերում, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի գործունեությանն առնչվող և (կամ) աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի պարզաբանման դեպքերում:

Մրցույթի թեստերում ընգրկվում են մանսագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքներ։ Թեստը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից։ Մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, տվյալ ոլորտը և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը կանոնակարգող սահմանադրական օրենքներից, օրենքներից, օրենսգրքերից և տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար հենք հանդիսացող բազային գիտելիքների շրջանակից՝ հիմք ընդունելով տվյալ մարմնի գործունեության հիմնական ոլորտները և տվյալ պաշտոնի առանձնահատկությունները, իսկ կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմվում են՝ հիմք ընդունելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաները: